ԱՄՆ-ում գաղտնի ծառայությունների գաղտնազերծման մեջ մեղադրվող Էդվարդ Սնոուդենը չի կարողանում ինքնաթիռի տոմս գնել, քանի որ նրա ամերիկյան անձնագիրը անվավեր է ճանաչվել: Նա ստիպված է մնալ «Շերեմետեւո» օդանավակայանի տրանզիտային գոտում:
Քանի որ նրա մոտ չկան անձը հաստատող այլ փաստաթղթեր, Սնոուդենը չի կարող ոչ միայն տոմս ձեռքբերել, այլեւ Ռուսաստանի տարածք մտնել, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Սնոուդենի շրջապատի աղբյուրը:
Այն մասին, որ Սնոուդենը չունի ամերիկյան գործող անձնագիր, հայտնի է դարձել մի քանի օր առաջ, սակայն դա չի խանգարել նրան հունիսի 23-ին Հոնգոնգից «Շերեմետեւո» ժամանել: WikiLeaks կայքը պնդում էր, որ Սնոուդենը կարողացել է ճանապարհորդել փախստականի փաստաթղթերով, որոնք նրան տրվել են Էկվադորի իշխանությունների կողմից:
Ենթադրվում էր, որ մոսկովյան օդանավակայանից Սնոուդենը կմեկնի Հավանա, ապա` Կիտո, սակայն դա տեղի չի ունեցել: Մինչ այդ ԱՄՆ-ն Ռուսաստանից պահանջել է հանձնել Սնոուդենին, սակայն մերժում է ստացել: Հունիսի 25-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ արտահանձնման վերաբերյալ պայմանավորվածություն չկա:


























