Գերմանիայի կառավարությունը բրիտանական հատուկ ծառայությունների կողմից էլեկտրոնային լրտեսումների մասին  տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական հարցում է ուղարկել Լոնդոն: Գերմանական իշխանություններին հետաքրքրում է, թե արդյոք Գերմանիայի քաղաքացիներն էլ են լրտեսման օբյեկտ:

Գերմանիայի արդարադատության նախարար Սաբինա Լոյթհոյսեր-Շնարենբերգերը նամակում նաեւ հարցրել է՝ արդյոք նման ծրագիրը դատարանի թույլտվությամբ է կատարվել եւ որն է եղել դրա օրենսդրական հիմքը: Նախարարին հետաքրքրել  է նաեւ այն հարցը՝ արդյոք ծրագիրն օգտագործվում է որոշակի տեղեկության որոնման համար, թե ավելի լայն ընդգրկում ունի, գրում է The Guardian-ը:

Deutche Welle-ի տվյալով՝ Գերմանիայի կառավարությունն ավելի վաղ՝ հունիսի 24-ին, պարզաբանումների համար դիմել էր Բեռլինում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն:

Lenta.ru-ն հիշեցնում է, որ Tempora ծրագրի առթիվ ավելի վաղ իր հիասթափություն էր հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իսկ արդարադատության նախարարն այն «հոլիվուդյան մղձավանջ» էր անվանել: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, ընդհակառակը, հատուկ ծառայությունների աշխատանքն օրինական էր անվանել:

Tempora ծրագրի մասին օրերս  գրել էր The Guardian-ը՝ վկայակոչելով   ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին:

Սնոուդենի հերթական բացահայտումները. Բրիտանական հատուկ ծառայություններն «ավելի վատն են»