Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի Հետ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե կողմերը քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների, մասնավորապես հումանիտար համագործակցության ոլորտում զարգացման հեռանկարները: Նախարար Աշոտյանը Սենատի նախագահին տեղեկություններ է հաղորդել ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ, միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի կողմից պատմությունը կեղծելու փորձերը: Նախարարը Տահեր ալ Մասրիին փոխանցել է գրականություն ԼՂՀ հիմնահարցի, Սումգայիթի եւ Խոջալուի դեպքերի մասին: Ընդգծելով, որ ԼՂՀ հիմնահարցը չունի կրոնական որեւէ դրդապատճառ եւ դրսեւորում, նախարարը ափսոսանք է հայտնել, որ Իսլամական կոնֆերանսի շրջանակում Ադրբեջանը խեղաթյուրում է հիմնահարցի էությունը՝ փորձելով կրոնական երանգներ հաղորդել ԼՂՀ հիմնահարցին: Ա. Աշոտյանը ընդգծել է, որ դարեր ի վեր Հայաստանը շրջապատված է եղել իսլամական երկրներով եւ Հայոց ցեղասպանությունից հետո հազարավոր մեր հայրենակիցներ իրենց երկրորդ հայրենիքն են գտել արաբական երկրներում, այդ թվում նաեւ Հորդանանում: Կանգ առնելով ազգերի ինքնորոշման իրավունքի դրսեւորման վրա՝ նախարար Աշոտյանն ընդգծել է, որ միեւնույն ժողովուրդներն առանձին պետություն ստեղծելու եւ ինքնորոշվելու բազմաթիվ օրինակներ ունեն, մասնավորապես մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ հսկայական ներդրում ունեցած արաբները հիմնադրել են տասնյակից ավելի արաբական պետություններ:




























