Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկեւիչ-Վալցի հետ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով Տարոն Մարգարյանին, տիկին Գրոնկեւիչ-Վալցը նախ ընդգծել է, որ հայերի եւ լեհերի բարեկամությունը դարավոր ամուր հիմքեր ունի, ինչն առավել սպասված եւ հաճելի է դարձնում Երեւանի քաղաքապետին հյուրընկալելը:
«Հայերի եւ լեհերի դարավոր բարեկամությունն իսկապես լուրջ եւ ծանրակշիռ խթան է երկու երկրների մայրաքաղաքների միջեւ սերտ հարաբերություններ հաստատելու համար, եւ ես վստահ եմ, որ մենք՝ Ձեզ հետ միասին, կարճ ժամանակ անց անպայման կարձանագրենք հաջողություններ երկուստեք փոխշահավետ համագործակցության առումով», - ընդգծել է Հաննա Գրոնկեւիչ-Վալցը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին կարեւորել է երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը՝ ի մասնավորի ընդգծելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումը:
«Երեւանն այսօր փոխշահավետ համագործակցության իսկապես մեծ ներուժ ունի, եւ ես համոզված եմ, որ մեզ իրոք կհաջողվի երկուստեք փոխշահավետ համագործակցություն ունենալ: Այս համատեքստում իսկապես կարեւոր քայլ եմ համարում Երեւանի եւ Վարշավայի միջեւ ակտիվ համագործակցություն ծավալելու Մտադրությունների հուշագրի ստորագրումը, ինչն, անշուշտ, լրացուցիչ խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների բարեկամությունն առավել ամրապնդելու եւ այն նոր հիմքերի վրա դնելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկեւիչ-Վալցը ստորագրել են Մտադրությունների հուշագիրը, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պարտավորվել են զարգացնել բարեկամությունն ու խրախուսել Երեւանի եւ Վարշավայի միջեւ ակտիվ համագործակցությունը։
Հանդիպման վերջում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Հաննա Գրոնկեւիչ-Վալցին հրավիրել է Երեւան:




























