The Rolling Stones լեգենդար խմբի մեներգիչ Միք Ջագերը համերգի ժամանակ «խայթող» կատակ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ էլեկտրոնային լրտեսության կառավարական ծրագրի հասցեին:
Վաշինգտոնի Verizon Center-ում ելույթ ունենալով` նա բեմից գոռացել է. «Չեմ կարծում, որ նախագահ Օբաման այսօր այստեղ է: Սակայն համոզված եմ, որ նա մեզ գաղտնալսում է»: Հանդիսատեսը սուլոցներով ու ծափերով է արձագանքել, փոխանցում է CBS-ը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, ավելի վաղ եւս Ջագերն առանձնացել է ԱՄՆ գործող վարչակազմի նկատմամբ հակակրանքով: Նախորդ տարի նա մասնակցել է Սպիտակ տանը կազմակերպված բլյուզի երեկոյին, սակայն հրաժարվել է մասնակցել Դավոսում բրիտանացի վարչապետի կազմակերպած թեյախմությանը, գրում է NEWSru.com-ը: Մերժումը նա մեկնաբանել է այսպես. «Ես հրաժարվում եմ քաղաքական խաղալիք լինել»:




























