Հնդկաստանի Ութարքհանդ նահանգում ջրհեղեղից տուժածներին փրկելու գործողություններին մասնակցող Մի-17Վ-5 ուղղաթիռի վթարից զոհվել է 20 մարդ:

Մի-17 ուղղաթիռում բոլոր գտնվողները զոհվել են, հայտնել է ռազմաօդային ուժերի հրամանատար Ն.Ա.Կ. Բրաունը: Զոհվածներից հինգը ծառայում էին ռազմաօդային ուժերում, մնացածները հնդկա-տիբեթական սահմանային ոստիկանության կամ ՆԳՆ-ին առընթեր արտակարգ իրավիճակների դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցներ էին: Արդեն գտնվել են 12 մարմիններ եւ ուղղաթիռի «սեւ արկղը», հայտնում է NDTV հեռուստաալիքը:

Հունիսի 14-17-ին անընդհատ տեղացող հորդառատ անձրեւները հանգեցրել էին գետերի վարարման, ջրհեղեղների, սողանքների: Ամենաշատը տուժել էր Ութարքհանդը: Մոտ հինգ հազար  մարդ մնացել է արգելափակված քանդված ճանապարհների ու կամուրջների պատճառով:

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ հնդկական բանակն իր պատմության մեջ ամենախոշոր փրկարարական գործողությունն է իրականացնում՝ ներգրավելով հազարավոր զինծառայողների, ոստիկանների եւ սահմանապահների: Ներգրավվել են նաեւ տասնյակ ուղղաթիռներ, այդ թվում ռուսական մի քանի Մի-17Վ-5: Մարդկանց որոնելու համար նաեւ անօդաչու թռչող սարքեր են օգտագործվում: