Երեւանը պետք է կենտրոնացնի միջազգային հանրության ուշադրությունը Անկարայի պահվածքի վրա, որը վերջինս դրսեւորեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկումների ժամանակ։ Մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։

Եթե Անկարան այդքան կառուցողական է տրամադրված եւ իրոք ուզում է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների, ապա ինչո՞ւ է նման աղմուկ բարձրացնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծին հավանություն տալու շուրջ։ Ահա հենց սրա վրա մենք պետք է կենտրոնացնենք միջազգային հասարակության ուշադրությունը։ Մենք պետք է բացատրենք, որ Թուրքիան ամենեւին էլ չի ուզում հարաբերություներ հաստատել Հայաստանի հետ, այս գործընթացում նրա առաջնային խնդիրը տորպեդահարելն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը սաբոտաժի ենթարկելը",- ընդգծեց Ռուստամյանը։ Միեւնույն ժամանակ նա նշեց, որ եթե վերջին գործընթացներն այդպես նյարդայնացնում են Անկարային, եւ նա չի դադարում շանտաժի ենթարկել միջազգային հանրությանն ու Հայաստանին՝ հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցան գործընթացից դուրս գալով, ապա թող իրականացնի իր սպառնալիքները։ «Վերջիվերջո, ում է վատ լինելու, եթե գործընթացը տապալվի, հաստատ՝ ոչ մեզ, իսկ դաշնակցությունը ամենեւին էլ դեմ չէ դրան, եւ վերջապես Հայաստանը կդադարի լինել թուրքական սպառնալիքների եւ շանտաժի գերին»,-հայտարարեց Ռուստամյանը՝ ընդգծելով, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը բացասաբար է ազդել նաեւ ղարաբաղյան գործընթացի վրա՝ ավելի մեծացնելով հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսկման հավանականությունը։ Նա ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը երկպառակություն մտցրեց թուրք-ադրբեջանական հարաբերությունների մեջ, այդպես են փաստում փորձագետները։ «Ադրբեջանցիները եւ թուրքերը մեկ ժողովուրդ են, որոնք ապրում են երկու տարբեր երկրներում»,-նկատեց Ռուստամյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, խախտելով Սահմանադրական դատարանի վճիռը, արձանագրություններն ուղարկեց Հայաստանի խորհրդարան՝ վավերացնելու։

Խոսելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծին հավանություն տալու մասին, նա նշեց, որ հայկական լոբբին անշուշտ որոշակի ֆինանասական ռեսուրսներ է ծախսել այս հարցի առաջընթացի համար, սակայն սա չի կարելի համեմատել այն վիթխարի միջոցների հետ, որը ծախսել է Թուրքիան։ «Ֆինանսների պակասը մենք փոխհատուցել ենք նվիրվածությամբ եւ քրտնաջան աշխատանքով»,-նկատեց Ռուստամյանը։ Կոնգրեսում բանաձեւի հետագա զարգացման համար, Ռուստամյանի կարծիքով, անհրաժեշտ է Երեւանի հայտարարությունն այն մասին, որ բանաձեւի ընդունումը ոչ միայն չի վնասի, այլեւ կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։