Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինիայի Էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը, հունիսի 24-ին, Վիեննայում Հայաստանի եւ Ռումինիայի դեսպանությունների փոխկազմակերպմամբ այցելել է Վիեննայում տեղակայված սուրբ Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցի, ծանոթացել եկեղեցուն կից գործող շաբաթօրյա դպրոցի ու մանկապարտեզի գործունեության պայմաններին: Նա նաեւ հանդիպել է Ավստրիայի հայ համայնքային կառույցների ղեկավարության հետ:
Վարուժան Ոսկանյանին ողջունել են Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան աբեղա Պետրոսյանը, Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի նորընտիր ատենապետուհի Ռուբինա Ղազարյանը:
Վարուժան Ոսկանյանը՝ Եվրոպայի տարբեր երկրների սփյուռքահայ կառույցների առջեւ ծառացած խնդիրների վերաբերյալ ելույթ է ունեցել ավստրիահայության առջեւ եւ պատասխանել ներկաների հարցերին: Վարուժան Ոսկանյանը կոչ է արել Եվրոպայի հայ համայնքերին սերտորեն համագործակցել իրար հետ՝ ի շահ հայապահպանության եւ ընդդեմ ուծացման սպառնալիքի:
Բանախոսն անդրադարձել է նաեւ առաջիկայում գերմաներենով հրատարակվելիք իր հեղինակած, մի քանի լեզուներով թարգմանված եւ գրական շրջանների կողմից բարձր գնահատանքի արժանացած «Շշուկների մատյան» վեպին, ներկայացրել իր այս ստեղծագործության համառոտ պատմությունը:




























