Մոնղոլիայի գործող նախագահ Ցախիագիյն Էլբեգդորժը հաղթել է նախօրեին կայացած  նախագահական ընտրություններում: Ըստ ԿԸՀ-ի տվյալների` Մոնղոլիայի դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Էլբեգդորժը հավաքել էր 50,22% ձայն:

Նրա գլխավոր մրցակից , հայտնի նախկին բռնցքամարտիկ Բաթմաանյամբուգիյն Բաթ Էրդենեն ստացել է  ձայների 41,48%-ը: Մոնղոլիայի պատմության մեջ նախագահական ընտրություններին մասնակցած առաջին կինը՝ առողջապահության նախարար Նացագիյն Ուդվալը,  ստացել է  ձայների 8,3% -ը:

Ընտրելու իրավունք ուներ 1,8 միլիոն մարդ։  Ընտրություններին մասնակցությունը կազմել է 64%, գրում է «Ռոսբալտը»:

Էլբեգդորժի կառավարման ընթացքում Մոնղոլիան դարձել է  ներդրումային բարենպաստ գոտի, 2011թ.  դրա ՀՆԱ-ն աճել էր 17%-ով, իսկ անցյալ տարի` 12%-ով: Ըստ ԱՄՀ-ի` վերջին տարիներին Մոնղոլիայի տնտեսությունը աշխարհում դինամիկ զարգացող երկրների հնգյակում է: