Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Կարակասի՝ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամության մասին։ Սակայն Սնոուդենը նման խնդրանքով առայժմ չի դիմել Վենեսուելայի իշխանություններին։
«Եթե նման խնդրանքով մեզ դիմեր, մենք կմտածեինք եւ հավանաբար դրական պատասխան կտայինք… Ի՞նչ է արել այդ տղան։ Միանգամայն նուրբ գաղտնիքներ է բացահայտել այն մասին, որ ԱՄՆ-ն լրտեսում է ամբողջ աշխարհին՝ գաղտնալսելով հեռախոսազրույցներն ու կարդալով էլեկտրոնային նամակագրությունը, դրանով իսկ խախտելով միջազգային իրավական նորմերը ու ժողովուրդների ինքնիշխանությունը», - Մադուրոյի խոսքերն է մեջբերում vesti.ru-ն։
Վենեսուելայի նախագահը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները ժամանակին ապաստան տրամադրեցին Լուիս Պոսադա Կարիլեսին, որը 1976թ. պայթեցրել էր Կարակասից մեկնած Cubana de Aviation Կուբայական ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը։ «Սնոուդենը ռումբեր չի տեղադրել եւ ոչ ոքի չի սպանել, պարզապես մի օր նա ըմբոստացել է …», - հայտարարել է Մադուրոն։




























