ՀԱՊԿ գործողությունների գոտում իրավիճակի վրա ազդում են մի շարք խնդիրներ` կապված պետությունների անվտանգության հետ, սակայն, ընդհանուր առմամբ, այն իրավիճակը կայուն է: Այս մասին Երեւանում հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով Կովկասում եւ ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակի գնահատականի վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով` այսօր զինված հակամարտությունների, ներքին կատակլիզմների առաջացումը մատնանշող ուղենիշներ չկան: «Թեեւ մենք ընդգծում ենք մի շարք սպառնալիքներ, որոնք կապված են ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների գործունեության, Աֆղանստանից Կենտրոնական Ասիայի տարածաշրջան բանդաների ներխուժման հնարավորության, Կովկասում հակամարտությունների կրկնության հետ: Սակայն այս սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ ՀԱՊԿ-ում միջոցառումներ են նախատեսվում եւ անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը պատրաստ է համատեղ ուժերով նվազագույնի հասցնել հնարավոր ծագող սպառնալիքներից բխող վնասները»,-ընդգծել է Բորդյուժան:




























