Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապակցելը մեղմ ասած հեռանկարային չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Խոսելով ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման մասին՝ Հայաստանի ԱԳՆ նախ ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կոնգրեսականներին, որոնք իրենց քվեն տվեցին համամարդկային արժեքների բարձր նպատակների համար, ապա նկատել, որ վերջին օրերին այդ կապակցությամբ Թուրքիայում արված հայտարարություններն ու հրապարակումներն իրեն հիշեցնում են 2001թ. Փարիզը. «նույն հայտարարությունները, նույն հրապարակումները, նույն նախազգուշացումները, նույն դեսպանի հետկանչը»:
«Որոշ ժամանակ անց դեսպանը հետ եկավ, որոշ ժամանակ անց այդ հարաբերությունները բնականոն շարունակեցին զարգանալ: Ինչ էր ասվում այդ հրապարակումների մեջ, որ Թուրքիան տեռորիզմի դեմ պայքարում մեծ դեր ունի, որ որոշ տարածաշրջանային խնդիրներում խաղաղության ամրապնդման կամ խաղաղության հաստատման համար դեր ունի, ուրեմն ցեղասպանության այս որոշումը պետք է չկայանա: Ինչ է նշանակում, եթե Ցեղասպանության ճանաչում լինի, այդ պատճառով Թուրքիան պետք է տեռորիզմ պաշտպանի, կամ խաղաղության դեմ դուրս գա: Տարօրինակ մոտեցում է»,- նշել է Նալբանդյանը եւ նկատել, որ Թուրքիայի նման քայլերը բերեցին նրան, որ որոշ ֆրանսիական գործիչներ, որոնք բավական լավ էին տրամադրված Թուրքիայի հանդեպ, սկսեցին փոխել իրենց կարծիքը:
Նալբանդյանը նշել է նաեւ, որ Հայաստանի համար հեշտ չէր սկսել հայ-թուրքական գործընթացն առանց Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման, բայց Հայաստանը կարողացավ գնալ այդ քայլին:



























