Հայաստանը ամեն պարագայում շահած է դուրս գալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանյանը:
«Գիտեք` անկեղծ գործողը բոլոր պարագաներում շահեկան է դուրս գալիս: Մենք գործել ենք անկեղծ, բաց, առանց հետին մտքի եւ դրան ականատես են եղել միջնորդ եւ աջակից երկրները»,- ասել է Նալբանդյանն ու հավելել. «Եթե Թուրքիան ինչ-որ հետին մտքեր ունի, եթե այլ մոտեցում ունի, չէի ցանկանա մեկնաբանել այն հետեւանքները, որոնք կարող են լինել հենց Թուրքիայի համար` Թուրքիայի կողմից այդ գործընթացը ձախողելու դեպքում: Առնվազն Թուրքիայի հանդեպ վստահությունն աշխարհի կողմից բավական կընկնի, կնվազի, էլ չասած այլ հետեւանքների մասին»:
Ըստ Նալբանդյանի՝ եթե այնպես ստացվի, որ Թուրքիան գնա այս գործընթացի ձախողման, «ապա Հայաստանը վատագույն դեպքում կվերադառնա 2008թ. սեպտեմբերի 6-ից առաջ, բայց միջազգային ասպարեզում իր հեղինակությունն ավելի ամրապնդած»:




























