ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Կոնգրեսում Հայոց ցեղասպանության N252 բանաձեւի հետագա ընթացքին։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին։ Քրոուլիի խոսքով, պետքարտուղարությունն այս հարցի առնչությամբ փոխըմբռնման է եկել Կոնգրեսի հետ եւ հուսով է, որ կոնգրեսմենների գործողությունները չեն վնասի հայ-թուրքական հարաբերություններին։ «Մենք խոսել ենք կոմիտեի նախագահի եւ նրա անդամների հետ։ Կարծում եմ՝ նրանք լավ են հասկանում, թե ինչպես ենք մեզ զգում իրենց որոշումից հետո»,- հայտարարել է Քրոուլին։
Նա միեւնույն ժամանակ նշել է, որ Կոնգրեսն ունի սեփական որոշումներ կայացնելու իրավունք՝ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին։
«Մենք դեմ ենք Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի հետագա ընթացքին եւ կարծում ենք, որ այդ խնդիրը լավագույնս կարող է լուծվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոցով»,- նշել է պետքարտուղարի օգնականը։
Քրոուլիի խոսքով, ԱՄՆ շարունակում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները լավացնելուն ուղղված ջանքեր գործադրել։
Նշենք, որ աշխատանքային այցով Գվատեմալայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը նախօրեին եւս հանդես էր եկել այս հարցի առնչությամբ։ Նա հայտնել էր, որ Օբամայի վարչակազմը մտադիր է արգելափակել բանաձեւի քննարկումը Կոնգրեսում։ «Մենք մտադիր ենք լուրջ աշխատանքներ տանել նրա համար, որպեսզի բանաձեւը հետագայում չքննարկվի»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո մարտի 4-ին ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին N252 բանաձեւը։ «Կողմ» էին քվերակել 23, «դեմ»՝ 22 կոնգրեսականներ։
Ի պատասխան դրան՝ Թուրքիան հետ էր կանչել ԱՄՆ-ում իր դեսպան Նամըք Թանին։



























