Հայաստանում արդեն երկար տարիներ արտահանումն աճի տեմպով գերազանցում է  ներմուծմանը: Ճիշտ է, դրա հետ մեկտեղ, բացասական սալդոն անշեղորեն աճել է: Նոր հազարամյակում ներմուծման ծավալի անկումը նկատվեց 2001թ-ին` 0,8%-ով, իսկ ճգնաժամային  2009թ-ին` արդեն 25,0%-ով:

Ընթացիկ տարվա անցած ամիսներին ներմուծման դինամիկան կրկին փոփոխվել է. եթե հունվարին եւ փետրվարին ծավալն աճել էր համապատասխանբար  12,4% եւ 5,9%-ով, ապա մարտին անկման ցուցանիշը երկնիշ թվի էր հասնում: Ընդհանուր  առմամբ ներմուծման ծավալը կրճատվել է 42,8 մլն դոլարով կամ 2,6%-ով: 

Ներմուծմանը փոխարինող ոլորտների թվում են պատրաստի սննդամթերքի արտադրության ոլորտը: Նշենք, որ հունվար-մայիսին այդ ապրանքների ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակհատվածի համեմատ աճել է 8,8%-ով: Ներմուծման ընդհանուր ծավալում պատրաստի սննդամթերքի ծավալն աճել է 0,9 տոկոսային կետով` հասնելով 8,8%-ի:

Պատրաստի սննդամթերքի մաքսային արժեքը հունվար-մայիսին  աճել է մոտ 59 մլրդ դրամով:  Մաքսակետից մինչեւ մանրածախ առեւտրի կետեր ապրանքի արժեքն  ավելանում է` հաշվի առնելով ԱԱՀ-ն  եւ այլ հարկերն ու տուրքերը, ուստի ներկրվող ողջ խմբաքանակի ընդհանուր արժեքը կարելի է գնհատել մոտ 100 մլրդ դրամի չափով:

Միաժամանակ պատրաստի սննդամթերքի հայրենական արտադրության ծավալն այդ ժամանակահատվածում հասել է 108,7մլրդ դրամի` ընթացիկ գներով:  Եթե ավելացնենք նաեւ ալկոհոլն ու ծխախոտը, ապա տեղական ռեսուրսների եւ ներկրվածի միջեւ տարբերությունը  զգալի կլինի: Այսպիսով, այս ոլորտում գերակայում է  հայրենական արտադրությունը:

Մի փոքր այլ իրավիճակ է հացահատիկի ոլորտում: Նշենք, որ վերջին տարիներին հանրապետությունում հացի արտադրության ծավալները նույնն են, ուստի հացահատիկի պահանջարկը եւս չի փոխվում: Սակայն վերջին շրջանում իրավիճակը մի փոքր փոխվել է:

Այսպես, հունվար-մայիսին  հանրապետությունում հացի արտադրության ծավալը կրճատվել է 0,9 հազար տոննայով կամ 0,7%-ով: Կարելի է տարբեր բացատրություններ տալ` բնակչության սննդակարգի կառուցվածքի փոփոխությունից մինչեւ արտագաղթ:

Ընթացիկ տարավ I եռամսյակում հացահատիկի ներկրման ծավալները նույնպես նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 39,4  հազ. տոննայով կամ 33,9%-ով:

Միանգամայն  հնարավոր է,  որ մեծածախների մոտ եղել են հացահատիկի եւ ալյուրի պաշարներ, որոնք ապահվել են ապրանքային հացի անխափան արտադրանքը: Ավելացնենք, որ հացահատիկը ներմուծվող ապրանքների ծավալով յոթերորդն է , եւ մեկ տարվա ընթացում նրա միջին մաքսային արժեքը 250,4 դոլարից հասել է 372,5 դոլարի տոննայի դիմաց...

Ներմուծման անկման ռեկորդը պատկանում է  հանքային նյութերին` անկումը կազմել է 28,6 մլն դոլար, այնուհետեւ հաջորդում է  «տրանսպորտային միջոցներ» ապրանքախումբը` 26,1 մլն դոլար, երրորդ տեղում` «մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ» ապրանքախումբն է `  17,2 մլն դոլարով:

Պատկերը  մանրամասն ներկայացնելու համար ընթացիկ տարվա I եռամսյակի ցուցանիշները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ:

Այսպիսով, նշված ժամանակահատվածում նավթամթերքի ներմուծման ծավալը կրճատվել է 6,9 մլն դոլարով,  միկրոավտոբուսների եւ ավտոբուսների ներմուծման ծավալ` 7,4 մլն դոլարով, իսկ բեռնատարներինը` 16,8 մլն դոլարով:

Ինչպես տեսնում ենք, կրճատվել է այն ապրանքների ներկրումը, որոնց արտադրություն մեզանում բացակայում է , եւ ներմուծմանը փոխարինողների գործոնն այստեղ կապ չունի:

Ալբերտ Խաչատրյան