Հունիսի 27-ից Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում (Թալինի տարածաշրջան) արձանագրված զանգվածային թունավորումից հետո, այսօր տեղի ունեցած բակային համայցի արդյունքում պարզվել է, որ առկա է երեք հիվանդ:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զանգվածային թունավորումից հետո իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ եւ ձեռնարկվել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է մկանային ցավերի, փսխման եւ սռտխառնոցի գանգատներով 75 անձ: Նրանց մոտ այդ երեւույթները հիմնականում տեւել են մի քանի ժամ եւ առանց բուժական որեւէ միջամտության անցել: Մեկ հիվանդ հոսպիտալացվել է «Թալինի» ԲԿ: Ներկայումս վիճակը բավարար է եւ մոտ ժամանակներս դուրս կգրվի:
Հուլիսի 1-ի դրությամբ իրականացված բակային համայցի արդյունքում առկա է երեք հիվանդ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը խմելու ջրի գործոնն է:
Իրականացվում են ջրի, ինչպես նաեւ հիվանդների կենսաբանական նյութի լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք:



























