Գոյություն ունի պոչամբարների օգտագործման 2 հնարավոր ուղղություն՝ դրանց երկրորդային օգտագործումը եւ ռեկուլտիվացիան: Այդ մասին այսօր՝ հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:

Առաջին ուղղության դեպքում պոչամբարի թափոնները վերագնահատվում են, պաշարները վերահաստատվում են, եւ այն դիտարկվում է որպես տեխնածին հանքավայր: Քանի որ նախկին տասնամյակների ընթացքում մետաղների կորզման տեխնոլոգիաները զարգացած չէին, պոչամբարներում կուտակվել են մետաղական որոշակի պաշարներ, որոնք ենթակա են արդյունաբերական շահագործման: Մասնավորապես՝ նման աշխատանք կատարվել է  Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի մոտ գտնվող պոչամբարում, որտեղից ներկայում գանձվում են ոսկու լրացուցիչ պաշարներ՝ 1 գրամ/տոննա ծավալով;

Երկրորդ ուղղությունը, եթե պոչամբարը արդյունաբերական վերամշակման չի ենթարկվում, պետք է ենթարկվի ռեկուլտիվացիայի:

Այսինքն՝ այն պետք է վերականգնվի եւ վերադարձվի բնությանը: Սակայն դրա համար, ըստ Ս. Պապյանի, անհրաժեշտ են որոշակի օրենսդրական փոփոխություններ: Ընդերքի մասին նոր օրենգրքով՝ շահագործման ենթարկվող բոլոր հանքավայրերը պետք է ունենա փակման ծրագիր, որոնց կանցնեն փորձաքննություն:

Նշենք, որ Հայաստանում 19 պոչամբարներ կան, որոնք զբաղեցնում են 400 հա տարածք: Դրանցում կարող են կուտակվել 530 մլն խմ թափոններ: Պոչամբարների լցվածությունը ներկայում, ըստ որոշ փորձագետների,  գնահատվում է մոտ 50%: