Եգիպտոսի վճռաբեկ դատարանը պաշտոնում վերականգնել է աշխատանքից հեռացված գլխավոր դատախազ Աբդել Մահիդ Մահմուդին:
Նախագահ Մուհամեդ Մուրսին երկու անգամ փորձել է հեռացնել Մահմուդին այն բանից հետո, երբ քրեական դատարանը արդարացրել է Հոսնի Մուբարաքի օրոք մեծ ազդեցություն ունեցած անձանց խմբին:
2012թ. հոկտեմբերին Մուրսին Մահմուդին նշանակել էր Վատիկանում Եգիպտոսի դեսպան, սակայն այդ որոշումը կատաղի դիմադրության էր հանդիպել: Արդյունքում դատավորների ճնշման տակ նախագահը ստիպված էր եղել կասեցնել որոշումը եւ պաշտոնում վերականգնել աշխատանքից հեռացված գլխավոր դատախազին:
Մեկ ամիս անց Մուրսին ամեն դեպքում Մահմուդին թոշակի ուղարկելու որոշում էր կայացրել: Նրա ազատումը քննադատության էին ենթարկել դատավորների մեծ մասը, որոնք նախագահին մեղադրել էին եգիպտական Ֆեմիդայի գործերին միջամտելու համար:
Vesti.ru-ն նշում է, որ Մահմուդին վերականգնելու դատական որոշումը շոշափելի հարված է հասցրել «Մահմեդական եղբայրների» դիրքերին: Ներկա դրությամբ Եգիպտոսում զանգվածային խռովություններ են ընթանում, ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը:





























