Եգիպտոսի ընդդիմությունը, իշխանությունների հետ բանակցելու համար ընտրել է իր ներկայացուցչին՝ ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մուհամեդ էլ-Բարադեյին:

Բանակցություններում էլ-Բարադեյը ներկայացնելու է «Հունիսի 30-ի ճակատը», որը վերջերս ստեղծված շարժում է եւ որի նպատակը նախագահ Մուհամեդ Մուրսիի կառավարման դեմ ըմբոստանալն է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ալ-Ահրամ» ինտերնետ պորտալը:

Ըստ այդ պորտալի՝ Կահիրեի Թահրիրի հրապարակում ցուցարարները բաց նամակով դիմել են երկրի բանակին եւ ոստիկանությանը՝ խնդրելով պաշտպանել իրենց իսլամիստների սադրանքներից:

Ավելի վաղ, հուլիսի 2-ին նախագահ Մուրսիի երկու պաշտոնական ներկայացուցիչներ հրաժարական են տվել: Խոսքը նախագահի օգնականներ Օմար Ամերի եւ Իհաբ Ֆահմիի մասին է, որոնք համակարգում էին լրատվամիջոցների հետ աշխատանքը:

Մամուլը հայտնել է նաեւ, որ երկրի վարչապետ Հիշամ Քանդիլը նույնպես թողել է իր պաշտոնը: Որոշ տվյալներով՝ կառավարության այսօրվա նիստում բացակայել են նաեւ ՆԳՆ եւ ՊՆ ղեկավարները, սակայն դրա պատճառները դեռ անհայտ են:
Դրանից մեկ օր առաջ հրժարակ էին տվել 11 նախարարներ, այդ թվում ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը «Թամարուդ» շարժումը վերջնագիր էր ներկայացրել նախագահին եւ ժամանակ տվել մինչեւ հուլիսի 2-ի երեկոն՝ պաշտոնաթող լինելու համար: