Հայաստանի տնտեսական աճը դիվերսիֆիկացման կարիք ունի: Այս մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանին վերաբերող 6-րդ զեկույցում, որը կազմվել է EFF/ECF (Extended Fund Facility/Extended Credit Facility) վարկային ծրագրի շրջանակներում:
Զեկույցի ավարտին Հայաստանի իշխանությունները կստանան ծրագրի վերջին տրանշը՝ 55 մլն SDR (մոտ 84 մլն դոլար) չափով: Այսպիսով, ԱՄՀ-ի կողմից ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 266,8 մլն SDR-ի կամ 407.2 մլն դոլարի: Հայաստանի հետ եռամյա համաձայնագիրը հավանության էր արժանացել ԱՄՀ խորհրդի կողմից 2010-ի հունիսի 28-ին:
Ըստ այդմ, Հայաստանի տնտեսական քաղաքականությունը համընկել է EFF/ECF ծրագրի նպատակների հետ. 2011-ին տնտեսական աճը հասել է 4.7 տոկոսի, 2012-ին՝ 7.2 տոկոսի, եւ բարձր է մնում 2013-ին: Գնաճը ցածր է մնում Հայաստանի ԿԲ նպատակային մակարդակից, իսկ տնտեսական ցնցումները կարճաժամկետ են եղել:
Նախորդ տարի Հայաստանի ԿԲ-ն պահպանել է դրամի փոխարժեքի ճկունությունը:





























