Աբխազիայով անցնող երկաթուղային հաղորդակցությունն անպայման կվեռրականգնվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ հավելելով, որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ:

Նրա խոսքով՝ այդ երկաթգիծն անհրաժեշտ է ինչպես երկրի տնտեսության զարգացման, այնպես էլ աբխազների հետ հարաբերությունները կարգավորելու համար: «Որքան շատ ճանապարհ ունենանք, այնքան մեծ են զարգանալու շանսերը եւ դա աքսիոմ է»,-ասել է Իվանիշվիլին, գրում է «Գռուզիա online»-ը:

Վրաստանի վարչապետը նշել է, որ այս փուլում խնդիրներ են ծագել այդ ծրագրի իրագործման ճանապարհին, քանի որ հարցը «շատ քաղաքականացված է»:

«Առաջին հերթին, մենք պետք է մեր ժողովրդին բացատրեինք այդ երկաթուղու վերականգնման անհրաժեշտությունը: Իմ կարծիքով, դա մեզ հաջողվել է, եւ մենք կսկսենք առաջ շարժվել այդ ուղղությամբ»,-ընդգծել է նա: