ԱԺ կողմից ընդունված «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքը կարող է նեղսրտության մեջ գցել նրանց, որոնք առնչություն են ունեցել ազատագրական պայքարին, բայց օրենքի ընդունման հարցում պատմական դերակատարություն չեն արձանագրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց ԵԿՄ վարչության անդամ Մխիթար Հարությունյանը՝ անդրադառնալով հիշյալ օրենքի ընդունումից հետո որոշ ազատամարտիկների կողմից հնչող դժգոհություններին: Հիշեցնենք, որ օրինագիծը ԱԺ-ում ներկայացրել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
«Մարդիկ իրենց թերի իմացության պատճառով ուզում են թյուրիմացության մեջ գցել հասարակությանը, իրենց անձի կարեւորությունը արձանագրելու նկատառումներով, բայց դա էդպես չի ստացվի: Բայց նորմալ չէ, որ չարախոսեն բոլոր քաղաքական ուժերի կողմից միաձայն ընդունված այսքան անհրաժեշտ ու սպասված օրենքի դեմ»,-ասաց նա ու հավելեց, որ չի կարելի «խանդով կամ նախանձով վերաբերվել այն հանգամանքին, որ օրենքը հեղինակել, նախաձեռնել են մեր եղբայրներ` մարտական գեներալները, կամ փորձել Երկրապահի ու ազատամարտիկի միջեւ տարբերություն փնտրել»:
Անդրադառնալով հարցին, թե իրականում ում է վերաբերում օրենքը, ինչպես պետք է իրականացվի մարդկանց գրանցումը կամ վերագրանցումը, Հարությունյանը պատասխանեց. «Օրենքի 3-րդ հոդվածում ասվում է Երկրապահ կամավորականի եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության երաշխիքները սահմանվում են զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքով: Դա թույլ է տալիս, որպեսզի ՀՀ կառավարությունը, պլանավորվող ծախսերի մասով առանձին նույնպես անդրադառնա դրան: Ինչ վերաբերվում է կարգավիճակ ստանալու կարգին` օրենքի 4-րդ հոդվածում ասվում է` Երկրապահ կամավորականի կարգավիճակ տրվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից՝ սահմանված կարգով: Մեր, բոլորիս, ցանկությունն է, որպեսզի ոչ մի անարժան մարդ չստանա կարգավիճակ, եւ ոչ մի արժանավոր դուրս չմնա կարգավիճակ ստանալու գործընթացից, որը ավելի կարեւոր է, հատկապես բարոյական հարթության մեջ, մարդու սերունդների համար հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի հարցում»:
ԵԿՄ վարչության անդամն ընդգծեց, որ այս պահին մեր երկրում կան կռված տղաներ, որոնց սոցիալական վիճակը որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում:
«ԵԿՄ-ն եւ երկրապահ կամավորականը տարբեր են: «Երկրապահ կամավորականների միություն» հ/կ-ի (ԵԿՄ) դռները վաղուց բաց են բոլորի համար, ԵԿՄ անդամ շատ մտավորականներ կան, ովքեր մարտական գործողություններին չեն մասնակցել, շատ երիտասարդներ կան, ովքեր պատերազմի տարիներն ծնված չեն եղել: Իսկ երկրապահ կամավորականները, բոլոր նրանք են, ովքեր ֆիդայու ոգի, սիրտ ու տրամաբանություն ունեն: Օրենքը վերաբերում է նրանց, որոնք մասնակցել են արցախյան պատերազմին»,-ասցա նա:
Հիշեցնենք, որ շատ ազատամարտիկներ քննադատել էին այս օրենքը, նշելով, որ այն հապճեպ է ընդունվել եւ շատ հարցեր մնացել են անպատասխան:





























