Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել-Ֆաթահ ալ Սիսին մերժել է նախագահ Մուհամմեդ Մուրսիի առաջարկությունը` կապված Եգիպտոսում առաջացած ճգնաժամից դուրս գալու հետ:

Մուրսին գեներալներին նման փոխզիջում է առաջարկել. ինքը մնում է իր պաշտոնում, սակայն մի շարք զիջումների գնում ընդդիմությանը: Մասնավորապես, նա առաջարկել է ձեւավորել կառավարություն դրա լայն մասնակցությամբ, ձեւավորել քաղաքականապես չեզոք կոմիտե, որը կմշակի նոր սահմանադրություն, շուտափույթ կերպով ընդունել ընտրությունների վերաբերյալ օրենք, նշանակել նոր գլխավոր դատախազի: Բացի այդ, Մուրսին համաձայնել է իրեն վստահելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել:

Բոլոր այս առաջարկությունները մերժվել են, քանի որ ընդդիմության առանցքային պահանջը նախագահի հրաժարականն է:

Այդ պայմաններում ռազմական հրամանատարությունը սկսել է զորքեր տեղակայել Կահիրեի այն շրջաններում, որտեղ կուտակվել են Մուրսիի կողմնակիցները: Այս մասին իրենց միկրոբլոգերում հաղորդել են The Guardian-ի միանգամից երկու թղթակիցներ: Դրա հետ մեկտեղ, ինչպես հաղորդում է Reuters-ը, սկսվել է եգիպտական բանակի Գլխավոր շտաբի արտակարգ նիստը:

Մինչ այդ նախագահի կողմնակիցները չեն պատրաստվում նահանջել` հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են զոհվել իրենց առաջնորդի համար: Այս մասին գրում է «Lenta.Ru»-ն:

ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ եգիպտական բանակը մի շարք շրջաններում բարձր մարտական պատրաստության է բերվել` ռազմական հրամանատարության ներկայացրած վերջնագրի ավարտվելուց մի քանի ժամ առաջ:

Ընդդիմադիրները մտադիր են հասնել երկրի նախագահի հրաժարականին: