Երեւանի հետ հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի համար միշտ հեռանկարային են եղել: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, հայտարարել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, ով Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երեւանի օրերի շրջանակում հանդիպել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով Երեւանի քաղաքապետին եւ պաշտոնական պատվիրակության անդամներին` Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նշել է. «Երեւանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն եւ վստահելի գործընկեր է, եւ մենք  կարեւորում ենք Երեւանի հետ փոխգործակցության ընդլայնումը: Վստահեցնում եմ, որ Երեւանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաեւ որպես գործընկեր քաղաք, եւ մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում: Համոզված եմ, որ Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում կանցնեն հավուր պատշաճի եւ մեկ անգամ եւս հնարավորություն կընձեռեն պետերբուրգցիներին՝ ավելի լիարժեք ծանոթանալու հայկական մշակույթին»:

Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ շեշտելով, որ Երեւանը բաց եւ պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված առաջարկներն ու նախաձեռնությունները. «Մեր փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում եւ, հաշվի առնելով ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված եւ արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, որ մենք կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը եւ Գեորգի Պոլտավչենկոյին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Երեւանում:

Ի պատասխան հրավերի՝ Գեորգի Պոլտավչենկոն վստահեցրել է, որ արդեն այս աշնանը անպայման կայցելի Երեւան եւ հույս հայտնել, որ այցի շրջանակում էլ ավելի կամրապնդվեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ծրագրերը:   

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ստորագրել են սերունդներին ուղղված համատեղ խորհրդանշական ուղերձ, որը կտեղադրվի Սանկտ Պետերբուրգում կառուցվելիք «Երեւան»  առեւտրի տան հիմքում:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին է հանձնել «Երեւան քաղաքի զինանշան» մեդալը, որով պարգեւատրել էր գործընկեր քաղաք Սանկտ Պետերբուրգին: