«Թուրքական ամռան» իրադարձությունները որեւէ կապ չունեն «արաբական գարնան» հետ: Այս մասին հուլիսի 3-ին հայտարարել է Երեւանում ՀՅ Դաշնակցության միջազգային քարտուղարության տնօրեն Կիրո Մանոյանը` «Թուրքական գարունն ու դրա հետեւանքները տարածաշրջանի համար» թեմայով կազմակերպված բանավեճի ժամանակ:

«Թուրքիայում բողոքական շարժումը ուղղված էր հիմնականում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Բնականաբար, նա որպես խարիզմատիկ առաջնորդ, բազմաթիվ առավելություններ ունի, սակայն նա թերություններ էլ ունի: Նա ավելացրել է իր վարած քաղաքականության նկատմամբ հիասթափությունը, նա կարողացել է այնպես անել, որպեսզի ժողովրդի տարբեր շերտերը չմիավորվեն»,-ընդգծել է Կիրո Մանոյանը: Նա ընդգծել է, որ քրդերը եւս չեն մասնակցել բողոքական շարժմանը: Էրդողանը նաեւ հայտարարություններ է արել այն մասին, որ ամբողջ բողոքական շարժումն ուղղված է քրդերի հետ հաշտվելու գործընթացին:

«Իրականում թուրք հասարակության դժգոհությունը բացահայտել է ներկայիս իշխանությունների իրական ավտորիտար բնույթը»,-ընդգծել է քաղաքական գործիչը, հավելելով, որ ներկայիս բողոքական շարժման էությունը քաղաքական չէ, ուստի դրա ելքն այնպիսին է, ինչպիսին որ կա: Նրա համոզմամբ` Թուրքիայում իշխանափոխությունը քիչ հավանական է, սակայն դժգոհությունները կարելի է համարել Էրդողանի ռեժիմի աջակցության թուլացում, քանի որ հենց իշխող կուսակցության ներսում պայքարը կարող է հանգեցնել նոր արդյունքների:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտ գտնվող Գեզի պուրակի ծառահատումը զանգվածային բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Հետագայում դրանք քաղաքական ենթատեքստ են ստացել: Ավելի ուշ հուզումները տարածվել են ամբողջ Թուրքիայում: