Գեղարքունիքի մարզում Գարիկ Ս.-ն աղջկա մոր ներկայությամբ, նրա տան բակից ամուսնության նպատակով առեւանգել էր Ա. Հ-ին: Մարտունու ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գարիկ Ս-ին մեղադրանք է առաջադրվել, որ, բռնություն գործադրելով Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Ա. Հ-ի նկատմամբ,  բնակարանի բակից ամուսնության նպատակով բացահայտ` առեւանգել է նրան:  Աղջկան մոր ներկայությամբ գրկելով, քաշքշելով եւ հրելով , տեղափոխել եւ նստեցնելով իր ընկերոջ  «Օպել Վեկտրա» ավտոմեքենան, նրան տեղափոխել է Գավառ քաղաք` Գավառի պետհամալսարանի ուսանող ընկերոջ վարձակալած բնակարան: Սակայն հաջորդ օրը աղջկա քեռին վերջինիս հետ է վերադարձրել  իրենց տուն:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով` խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Խափանման միջոց  ընտրվել է ստորագրությամբ  չհեռանալը:  Գործը վարույթ է ընդունվել հուլիսի 3-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: