Սերժ Սարգսյանի գործողությունները հիմք են ստեղծում նրան իմպիչմենթի ենթարկելու համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը նախագահական նստավայրում կայացած խորհրդակցությունը, որտեղ Սերժ Սարգսյանը քննադատել էր Իշխան Զաքարյանին եւ Վերահսկիչ պալատի գորոծունեությունը։
«Ամբողջ ազգի առջեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, ցուցումներ տվեց դատախազությունը, թե ինչ քանակով է պետք հարուցել քրեական գործ եւ ինչ ծավալի չարաշահումների մասին է պետք խոսել՝ ըստ էության կանխատեսելով քննության արդյունքները»,- ասաց նա։
Երկրորդ հանգամանքը, որի վրա ուշադրություն հրավիրեց Լեւոն Զուրաբյանը, այն է, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, հրապարակայնորեն ճնշում գործադրեց Վերահսկիչ պալատի նախագահի վրա, եւ առհասարակ Վերահսկիչ պալատ ինստիտուտի վրա։ Նա հիշեցրեց Վերահսկիչ պալատի ստեղծման սկզբունքները, կարգը՝ շեշտելով, որ այդ սահմանադրական ինստիտուտը հավասարեցրին հողին եւ հավասարեցնողը ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ այս ամենը նորմալ ժողովրդավարական երկրներում կորակվեր որպես երկրի նախագահի կողմից սահմանադրական լիազորությունների գերազանցում, ապօրինի ճնշում իրավապահ մարմինների վրա եւ արդարադատության խոչընդոտում։
«Սրանք այն ամենն են, որի համար օրինակ Ամերիկայում նախագահին իմպիչմենթի էին ենթարկում։ Մենք պատրանք չունենք, հասկանում ենք, որ այս պառլամենտում դա հնարավոր չէ, բայց մեր պարտքն ենք համարում ասելու, որ դրա համար անհրաժեշտ բոլոր հիմքերը կան»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























