Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը եւ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հուլիսի 4-ին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Բրիտանացի դիվանագետը ծանոթացել է բանտարկյալների պայմաններին եւ հանդիպել նրանց հետ:

Կարեն Անդրեասյանը այցից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ այսօրվա ՔԿՀ այցը ամփոփում է փակ եւ կիսափակ հաստատությունների դիտարկման ծրագիրը, որն իրականացվել է օմբուդսմենի գրասենյակի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ: «Եթե հիշում եք, ես խնդրել էի 2013թ.  բյուջեից հատկացնել 11մլն դրամ՝ դիտարկման համար: Ինձ մերժել էին: Այնինչ դեսպանատունն արձագանքեց», - հայտնել է Կարեն Անդրեասյանը:

Տպավորությունները պատմելով՝ դեսպան Քեթրին Լիչը ուշադրություն  է դարձրել երկու հիմնական խնդիրների վրա: Առաջին հերթին մատնանշել է բանտի շենքի վիճակը: Երկրորդ, դեսպանը նշել է  խցերի գերծանրաբեռնվածությունը:

«Սկզբունքը պետք է լինի առանձնակի վտանգավոր դատապարտյալների կամ մեղադրյալների կամ այն անձանց ազատության սահմանափակումը, ովքեր կարող են փախչել  արդարադատությունից: Կարծում եմ, այլընտրանքային պատժի կիրառումը հայկական բանտերի գերբնակեցման խնդրի հիանալի լուծում կդառնար», - նշելէ  դեսպանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաեւ մեղադրյալների վերականգնման եւ ինտեգրման մեխանիզմ մշակել:

Դիվանագետը միաժամանակ գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի միացումը Խոշտանգումների դեմ կոնվենցիային:

Տարեսկզբից ի վեր դիտարկում է անցկացվել 133 փակ եւ կիսափակ հաստատություններում՝ ՔԿՀ-ներումր, Ոստիկանության մեկուսարաններում, հատուկ դպրոցներում, մանկատներում, հոգեբուժարաններում, սոցիալական խնամքի հաստատություններում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am