Ընդդիմության էական թուլացման պայմաններում տարբեր իշխանության խմբավորումներ փորձում են ամրապնդել իրենց դիրքերը՝ կենտրոնանալով երկրի նախագահի իրավահաջորդի խնդրի վրա: Այս մասին մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով՝ հենց այս համատեքստում պետք է դիտարկվեն բոլոր ներքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, իսկ մնացած երեւույթները՝ որպես ածանցյալ: «Ներկայումս զոնդաժ է տեղի ունենում. Եթե ինչ-որ մեկը գոնե փոքր ինչ գլուխ բարձրացնի, գլխին լոմով հարված կստանա: Եթե որեւէ մեկն իր դիրքերի ամրապնդման ուղղությամ ամբիցիաներ ցուցաբերի, շատ ծանր հարվածներ կստանա, ինչպես որ եղավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի պարագայում»,- նշել է Քոչարյանը, հավելելով, որ տվյալ պարագայում Իշխան Զաքարյանն ընդամենը կամակատար էր, իրական հարվածին արժանացավ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ դա բոլորովին չի նշանակում, որ հարվածներ չի ստանա նաեւ վարչապետը: «Նախագահ Սերժ Սարգսյանը գնալով ավելի է ընդգծում իր դերը. խաղալ տարաձայնությունների վրա եւ լինել մրցավարի դերում, այսինքն՝ նա խաղում է իշխանությանը հակակշռելու սկզբունքով»,-եզրափակել է Քոչարյանը:





























