Վրաստանում «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից 5,2 միլիոն լարիից (մոտ 3,2 մլն դոլար) ավելի դրամական միջոցներ յուրացնելու փաստ է հայտնի դարձել: Այս մասին հուլիսի 4-ին հայտարարել է Վրաստանի պետական աուդիտի ծառայությունը:

««Միասնական ազգային շարժումը», շրջանցելով օրենքը, օգտագործել է  աշխատանքի տեղավորման ծրագրի համար հատկացված բյուջետային միջոցները՝   5 240 880 լարիի (մոտ 3 176 290 դոլար) նվիրատվություն ստանալով», - ասված է հաղորդագրությունում:

Ապօրինի նվիրատվությունների ստացման սխեման հետեւյալն էր.  աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությունը մեկ ամսով աշխատանքային պայմանագրեր է ձեւակերպել 21 827 քաղաքացիների հետ, որոնք մասնակցել են Ազգային շարժման օգտին քարոզչությանը: Այդ մարդիկ առձեռն 260-ական լարի  (մոտ 160 դոլար) են ստացել:  Ընդ որում, պարզվել էր, որ «արտահաստիքային աշխատողների» ցուցակները կազմված էին եղել «Միասնական ազգային շարժման» ակտիվիստներից, որոնց անգամ չէին տեղեկացրել «աշխատանքի տեղավորման ծրագրի» մասին», գրում է «Նովոստի Գռուզիան»:

Արդյունքում «Միասնական ազգային շարժումը» Վրաստանի  առողջապահության  նախարարությունից ապօրինի նվիրատվություն է ստացել, ասված է հաղորդագրությունում: