Ազգային ժողովում իշխանությունը առերեսվեց ընդդիմության հետ եւ չդիմացավ դրան։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ այդ պրոցեսը շարունակվելու է։
Նրա խոսքով՝ իշխանության ներսում սկսվել է քավության նոխազների փնտրտուք, դրան նախորդել է ընդդիմության հետ առերեսումը, բացահայտումները։
Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ քավության նոխազի փնտրտուքը գնալով ինտենսիվանալու է, որովհետեւ Հայաստանի իշխանությունները հայտնվում են ավելի խորը ճգնաժամի մեջ, եւ սկսվել է կաղ բադի սինդրոմը,այսինքն՝ երբ նախագահը վերջին պաշտոնավարման ժամկետի մեջ է, կորցնում է իշխանությունը, եւ սկսվում է լոյալության դեֆիցիտ։
«Սերժ Սարգսյանը բախվել է կաղ բադի սինդրոմի հետ։ Սկսել է պայքար լիդերության համար, ներիշխանական պառակտումները ուժեղանալու են։ Այն ճգնաժամը, որում հայտնվել է իշխանական վերնախավը, կապված է նրա հետ, որ իշխանությունը չի կարողանում դիմանալ ընդդիմության հետ առերեսմանը եւ պատասխաններ ալ ընդդիմության բարձրացված հարցերին»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։
ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ «Սերժ Սարգսյանն ինքն է որոշելու, թե ում գլուխը երբ կկտրի, եթե փորձի կտրել Իշխան Զաքարյանի գլուխը, դա անբարոյական կլինի իր կողմից, ակնհայտ է, որ այդ մարդը նույն ոճով հինգ տարի գործել է եւ հենց այնպես չի գործել, կատարել է հստակ հրահանգներ»։
Նրա գնահատմամբ՝ Վերահսկիչ պալատի զեկույցում որեւէ նոր բան չկա, 2008թ ՎՊ-ի բացահայտումները շատ ավելի աղաղակող էին եւ շատ ավելի խայտառակ, ավելին՝ այդ ժամանակվա հետազոտություններից մեկը փաստում է, որ պետական բյուջեից գողացվել է կես միլիարդ դոլարի գումար։ Պատգամավորը նաեւ հարց բարձրացրեց, որ ՎՊ-ն ներկայացվում է պետբյուջեից գողացված գումարները, բայց «ինչ ասենք այն գումարների մասին, որոնք պետբյուջե չեն մտնում, գողացվում են մինչ պետբյուջե մտնելը»։
Նա նաեւ նկատեց, որ ՎՊ-ի զեկույցի ժամանակ քաղաքական մեծամասնությունը երկու մարտավարություն ունեին՝ կամ հերքել ակնհայտ օբյեկտիվ ճշմարտությունը, իսկ երկրորդն այն է, որ ավելի լավ է ընդդիմությունից առաջ ընկնել եւ քննադատել, ինչը թույլ կտա քննադատության ուղղվածությունը փոխել բարձր ղեկավարությունից։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























