Հուլիսի 4-ին ներկայացվել են 2013 թվականի պետական բյուջեի առաջին հինգ ամիսների կատարողականի օպերատիվ արդյունքները:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2013 թ. հունվար-մայիսին կազմել են շուրջ 408.9 մլրդ դրամ, ծախսերը` 377.7 մլրդ դրամ: Այդ մասին այսօր` հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:
Արդյունքում ձեւավորվել է շուրջ 31.2 մլրդ դրամ հավելուրդ՝ առաջին կիսամյակում նախատեսված 2.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
Գ. Զարգարյանը նշեց, որ պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել են աճ 19.6 %‑ով կամ շուրջ 67.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների հաշվին: Պետական գանձարան մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են ավելի քան 389.4 մլրդ դրամ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ եկամուտներն աճել են 20.4%‑ով կամ 65.9 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի եւ բնապահպանական ու բնօգտագործման վճարների աճով:
Պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես աճել են՝ հիմնականում պայմանավորված ընթացիկ ծախսերի աճով: Աճն ընդհանուր առմամբ կազմել է 8.5% կամ շուրջ 29.7 մլրդ դրամ:





























