Ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանի վրա դեռ պետք է շարունակել: Հայաստանի կառավարությունն այսօր` հուլիսի 4-ին բացասական եզրակացություն տվեց պատգամավոր Միքայել Մելքումյանի (ԲՀԿ) առաջարկին` սահմանի վրա ԱԱՀ գանձումը հետաձգել 90 օրով:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պատգամավորի առաջարկը համահունչ է կառավարության պատկերացումներին` ավելացված արժեքի հարկը սահմանից տեղափոխել ներքին տնտեսություն։ «Հարցի լուծման գաղտնիքն այն է, որ մեզ անհրաժեշտ է լինելու 90 մլրդ դրամ, որովհետեւ այն պահից, երբ մենք սահմանին չենք գանձում ԱԱՀ-ն, մինչեւ այն պահը, երբ կարող ենք տնտեսությունից այդ հարկը հավաքել, կարող է անցնել 1-3 տարի։ Բայց միանգամից մենք 90 մլրդ եկամուտ չենք կարող հավաքել»,- ասաց Տ. Սարգսյանը։

Նրա խոսքով` քաղաքական առումով առաջարկը ճիշտ է, եւ դա բխում է նաեւ կառավարության ռազմավարությունից: Սակայն խնդիրը պետք է լուծվի քայլ առ քայլ։