Հուլիսի 4-ին տեղի է ունեցել Սյունիքի մարզի Վերիշեն եւ Տեղ համայնքների  արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունից, շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորումներ: Փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումով:

«Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթի» 2013 թ.-ի ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 52-ը`մարզերում:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստ-ի պատշաճ ներկայությանը, փոստային եւ հարակից ծառայություների զարգացմանը:

Նոր ենթակառույցների եւ սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ եւ օպերատիվ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Վերիշենի եւ Տեղի բնակիչներին:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթը» մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ` «Հայփոստը» դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: