ՅՈւՆԵՍԿՕ-ն իր մտահոգությունն է արտահայտում՝ կապված Ադրբեջանում խոսքի ազատության վիճակի հետ: Ինչպես հաղորդում է Turan-ը, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնական Յանիս Կարկլինսը այս տարվա մայիսի 5-ին պատասխանել է մամուլի ոլորտի ադրբեջանցի մի շարք լրագրողների եւ փորձագետների դիմումին: Իրենց դիմումում մամուլի ներկայացուցիչները ընդգծել են Ադրբեջանում մամուլի ազատության ողբալի վիճակն ու կոչ արել ՅՈւՆԵՍԿՕ-ի նախագահին աջակցել Ադրբեջանում անկախ լրագրողներին ու խոսքի ազատությանը:

 «Կարծիքի արտահայտման ազատության պաշտպանությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի մանդատի հիմքում է: Մենք քարոզում ենք մշակույթի կայուն զարգացում, իսկ խոսքի եւ մամուլի ազատությունը կարեւորագույն բաղադրիչներ են՝ այդ նպատակներին հասնելու: Ազատ, անկախ եւ բազմակարծիք մամուլը նպաստում է ժողովրդավարության առաջխաղացմանն ու ապահովում տեղեկատվության ազատություն: Սրանք հիմնաքարային սկզբունքներ են, որոնք ամրագրված են ՅՈւՆԵՍԿՕ-ի կանոնադրությունում եւ որոնք ընդհանուր են բոլոր անդամ-պետությունների համար»,-ասվում է պատասխանում:

Բացի այդ, Կարկլինսը հաղորդել է, որ այս կարեւոր հարցը քննարկվում է ՅՈւՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունում:

«Մենք առաջարկել ենք հանդիպել նրանց, որպեսզի քննարկենք Ադրբեջանում մամուլի ազատության հետագա վիճակը»,-ասվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեին օգնականի պատասխանում: