Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Էդմոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուն, այսօր՝ հուլիսի 4-ին, իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպան Մոնտեյրուին նշանակման կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի ու Բրազիլիայի միջեւ ձեւավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ եւ հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում իր ներդրումը կունենա երկու երկրների համագործակցության խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար դեսպան Մոնտեյրուն ասաց, որ Բրազիլիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ ինքը կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու նպատակով:

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, գործարար կապերի խթանմանը, արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացմանը, մշակութային եւ կրթական ոլորտներում փոխգործակցության նպատակով քայլերի ձեռնարկմանը: