24-ամյա Ն. Ս-ն ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում  հաղորդում է տվել, թե Կորեայի ձորում իրեն բռնաբարել են: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 24-ամյա Ն. Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գիտակցելով կեղծ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը  ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ Երեւան քաղաքի Կորեայի ձորում Արծրուն անունով անձնավորությունը բռնաբարել է իրեն:

Քննությունը պարզել է, որ նրա տրված հաղորդումը իրականությանը չի համապատասխանում: Քրեական գործ է հարուցվել 333 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը դատարան է  ստացվել հուլիսի 3-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: