«Անգելի կոմպլեքս» ՍՊԸ-ին պատկանող «Շանսոն» ռեստորանային համալիրում հարսանիքի ժամանակ հյուրերից 20 հոգի թունավորվել է: Մենեջերի դեմ քրեական գործ է հարուցվել եւ գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Գործի նյութերի համաձայն՝ 30-ամյա Ն. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Շանսոն» ռեստորանային համալիրի մենեջեր, պատշաճ կարգով չի ապահովել սանիտարա-հակահամաճարակային կանոնների պահպանումը: Մասնավորապես, նա չի ձեռնարկել սննդամթերքի արտադրության եւ պահպանման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների եւ գործիքների մաքրման եւ ախտահանման միջոցներ, խախտել է սննդամթերքի պատրաստման մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցներում հիգիենիկ պատշաճ գործելակերպի իրականացումը, խաչաձեւ ախտոտումից պաշտպանումը, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներն ապահովելու եւ վերահսկելու նպատակով չի ապահովել համապատասխան չափիչ եւ ստուգիչ սարքերով:
Այդ ամենի հետեւանքով պատրաստված եւ մատուցված սննդամթերքում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ոսկեգույն ստաֆիլակոկի, աղիքային ցուպիկի խմբի եւ բացիլուս ցերեուս տեսակի մանրէների տարածման ու զարգացման համար:
«Շանսոն» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանյաց հանդիսության մասնակիցներից 20 հոգի թունավորվել է, իսկ թունավորված հյուրերից Էվելինա Օսիպովայի առողջությանը կյանքին վտանգ սպառնացող վնաս է պատճառվել:
Այսինքն` Ն Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 277-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը դատարան է ստացվել հուլիսի 4-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:



























