ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որեւէ նկատողության կամ պաշտոնանկության հարց չի քննարկվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստին քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր, կուսակցական արտաքին կապերի հետ կապված հարցեր:

Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է հաշվետվություն  իր՝ Հունաստանի այցի վերաբերյալ։ Իսկ  հուլիսի 13-ին էլ նախատեսվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ կուսակցության պատվիրակության այցը Չինաստանի հանրապետություն՝  Կոմունիստական կուսակցության հրավերով։ 

ՀՀԿ ԳՄ նիստին քննարկվել է նաեւ Վերահսկիչ պալատի զեկույցի ժամանակ քաղաքական մեծամասնության պահվածքի հարցը, որը նախագահը բարձրացրել էր դեռեւս շաբաթ օրը իր նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ «լուրջ, բովանդակային քննարկում է  եղել քաղաքական մեծամասնության գործունեության վերաբերյալ եւ եկել են ընդհանուր եզրակացության»։ Իսկ թե ինչ եզրակացության են եկել, մամուլի խոսնակը դա չբացահայտեց՝ նշելով, որ դա ներկուսակցական հարց է։ «Ամեն ինչ մեր համար պարզ էր»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ ԳՄ նիստին չեն անդրադարձել «օֆշորային սկանդալին», որի կենտրոնում, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, հայտնվել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: