Եթե կան մարդիկ, որոնք պետք է պատժվեն, ապա կպատժվեն. ամեն ինչ հնարավոր է, սակայն այդ հարցը չենք քննարկել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում իր պաշտոնանկության մասին տարածված տեղեկություններին։
Նա չի կարծում, թե շաբաթօրյա խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը կոշտ քննադատություն էին։ «Ինչ խնդիր կար, ներկայացվել է հաշվետվություն։ Ես իմ տպավորություններն ուղղել եմ Վերահսկիչ պալատի նախագահին, շատ հստակ տվել եմ գնահատականներ, եթե դա չունի մամուլը, կարող եմ տրամադրել ելույթի ամբողջ սղագրությունը»,- ասաց նա։
ԱԺ նախագահը վստահեցրեց, որ նիստի ժամանակ իր դեմ ոչ մի քննադատության սլաք չի ուղղվել։ «Եղել է հաշվետվություն, ներկայացրել է ՎՊ նախագահը, ես հայտնել եմ տպավորություններս, դրանից հետո եղել է քննարկում: Հստակ ասել եմ, որ այն, ինչ հայտարարվել է ՎՊ-ի կողմից, միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը, առաջարկել եմ, որ մինչեւ ՎՊ զեկույցը ԱԺ բերել, ներկայացնելը, քննարկեն այն նախարարություններում, տան բացատրություններ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ նիստի ժամանակ որեւէ մեկին, այդ թվում՝ իրեն, որեւէ բանում չեն մեղադրել, որեւէ անհատի հարց չի քննարկվել, պարզապես որոշում է կայացվել, թե նման հարցերում ոնց վարվել։
Նա նկատեց, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Վերահսկիչ պալատը գնահատականներ տվեց, մեղադրանքներ ներկայացնել, մինչդեռ դա պետք է անի դատախազությունը: Այժմ նյութերն ուղարկել են դատախազություն, տեսնեն՝ քանի քրեական գործ կհարուցվի, քանի մեղավորներ կպատժվեն։
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ նախագահն առաջարկել է փոփոխություններ մտցնել Վերահսկիչ պալատի մասին օրենքում, հստակեցնել գործառույթները, լիազորությունները, հանձնարարություն է տրվել ստեղծել աշխատանքյաին խումբ, որը կզբաղվի այդ հարցով։





























