Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետագա պաշտոնավարման հարցը չի քննարկվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Նա նշեց, որ նախագահը այդ մասին որեւէ բան չի հայտնել, սակայն մինչեւ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ավարտ՝ սեպտեմբեր ամիս, դեռ ժամանակ կա, եւ Հովիկ Աբրահամյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը կհայտնի իր կարծիքը։ ԱԺ նախագահը նորմալ է գնահատում Իշխան Զաքարյանի գործունեությունը, «նորմալ աշխատել ենք, որեւէ հակասություն, հակամարտություն չի եղել մեր մեջ»։
Հարցին, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին որեւէ պատիժ սպասվում է, նա պատասխանը. «Ես որեւէ պատժի մասին չեմ լսել դեռ, նման հարց կուսակցության նիստում չի քննարկվել»:
Նշենք, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնանկության մասին լուրերը սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը քննադատեց վերջինիս ՎՊ զեկույցը ներկայացնելիս գնահատականներ հնչեցնելու համար։





























