Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկրի նախագահ դառնալու ցանկություն չի ունեցել եւ չունի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ «Ես նման ցանկություն չունեմ, նման ցանկություն նույնիսկ իմ մտքի ծայրով չի անցնում»,- ասաց նա։
Հովիկ Աբրահամյանը հերքեց նաեւ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե 2018թ նախագահական ընտրություններին իշխանությունը փոխանցելու խնդրի հետ կապված ՀՀԿ-ում հակասություններ կան։ Նա անձամբ 2018թ նախագահական ընտրություններին մասնակցելու ծրագիր չունի։ Դիտարկմանը, թե եթե նախագահը առաջարկի ձեզ մտածել այդ մասին, նա նկատեց. «Դեռ պետք է տեսնենք՝ ինքը կմտածի՞, որ ես մտածեմ»։
Նա վստահեցրեց, որ իշխանության ներսում բուրգեր, թեւեր չկան, հանրապետության նախագահը եւս թույլ չի տա, որ նման թեեւ ձեւավորվեն: «Ես կոնկրետ ցանկություն չունեմ նման թեւեր ձեւավորելու»,-ասաց նա:
Հարցին, թե ներկուսակցական դավեր կա՞ն Ձեր դեմ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Կոնկրետ փաստեր չունեմ, բայց պետք է հասկանաք որ ես իրավունք չունեմ նման բաներ խոսել: Բայց ես ամեն ինչ տեսնում եմ, զգում եմ: Տեսնում եմ, որ որոշ մարդկանց ցանկությունը չիրականացավ»: Աժ նախագահը, սակայն, չմանրամասնեց, թե իր դեմ ովքեր են դավեր նյութում, պատվերներ իջեցնում, եւ ինչ ցանկություններ չիրականացան։





























