Օրերս Հայաստանի մշակույթի նախարարության գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնը ՀՀ Արմավիրի մարզպետարանում կազմակերպել էր վերջին երեք տարիների ընթացքում հրատարակված գեղարվեստական, ալբոմային, մանկական, գիտահանրամատչելի, դասական, թարգմանական հրատարակությունների ցուցահանդես-վաճառք:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, գրողներ, մտավորականներ, ուսուցիչներ, աշակերտներ եւ ընթերցողներ:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել հանդիպում գրող Էդվարդ Միլիտոնյանի եւ մարզի գրողների հետ: Քննարկվել են մշակույթի, գրականության, գրքի տպագրման ու տարածման հետ կապված մի շարք հարցեր, ընթերցվել՝ բանաստեղծություններ: Հանդիպմանը ելույթով հանդես են եկել մարզային համայնքը ներկայացնող գրողներ Ժաննա Աբրահամյանը եւ «Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր, Գրողների միության Արմավիրի մարզային կառույցի նախագահ Ռաֆայել Սահակյանը:
ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնը» երկրորդ տարին է ինչ ՀՀ մարզերում կազմակերպում է գրքի ցուցահանդես-վաճառք: Այս տարի, բացի Արմավիրի մարզից, ծրագիրն իրականացվել է նաեւ Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերում:





























