Ադրբեջանում քանդվել է Ռուստամ Իբրահիմբեկովի տունը: «Ազատություն» ռադիոկայանը պատմում է, որ տեղի իշխանությունների ջանքերի «զոհ» է դարձել Մինգյաչեւիրի  արվեստի տունը, որը պաշտոնապես հաշվառված  է Կինեմատոգրաֆիստների միությունում: Հիշեցնենք, որ Միության նախագահն է նախագահական ընտրություններում Ազգային խորհրդի միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը: 

Ըստ տեղեկության` երկհականի շենքը 1989թ. պատկանել է Կինեմատոգրաֆիստների միությանը, սակայն 1993թ.-ից  սկսած այն զբաղեցրել էին փախստականները: Շենքն ավերվել էր փախստականների՝ նոր տներ տեղափոխվելուց հետո: Սակայն տեղի  իշխանությունը վստահեցնում է, որ տեղյակ չէ շենքը քանդելու մասին:  «Գործադիր իշխանությունը փախստականների գործերով պետական հանձնաժողովի հետ կազմակերպում է փախստականների տեղափոխումը նոր տներ, իսկ հին շենքը քանդելու մասին մեզ չեն տեղեկացրել», - հայտնել է Մինգյաչեւիր քաղաքի ԳԻ պետի տեղակալ Իլհամ Իսմայլովը: Իր հերթին Կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Ալիսա Ջաբարովը պնդում է, որ  շենքը հարմար դիրք ունի, եւ այդ տարածքը մեծ արժեք է ներկայացնում: Ըստ նրա` շենքը քանդել են «Ազերներժիի» աշխատակիցները: Ընկերությունը նույնպես հերքում է այդ տեղեկությունը:

Այսպիսով, թե ով է քանդել շենքը, պարզ չէ: Պարզ է, որ բացի շենքի արժեքավոր տարածքից, դա  նաեւ ընդդիմության թեկնածու դեմ ուղղված քայլ էր: