Հայաստանի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը կնախաստորագրվեն Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում:

Այս մասին, հուլիսի 4-ին, Բրյուսելում, Եվրոպական հարեւանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով նաեւ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցողն է:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվել են Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները, ուղենշվել նախատեսվող աշխատանքները մինչեւ Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովը: 

Իր ելույթում Փոխնախարար Մնացականյանը կարեւորել է Արեւելյան գործընկերության դերը՝ նշելով, որ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցային գործընթացը գտնվում է ավարտական փուլում: Փոխնախարարն ընդգծել է համաձայնագրերի հետագա իրականացման համար ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման եւ դրա համար անհրաժեշտ միջոցների  հասանելիության կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում ԵՄ Ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անդրադարձավ Ասոցացման համաձայնագրերի, ներառյալ՝ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների նախաստորագրման հեռանկարին, վիզաների դյուրացման, ԵՄ հետ շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում գրանցված առաջընթացին: ԵՄ կողմից կարեւորվեց «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի կիրառումը, ինչն ակնկալում է ավելի շատ միջոցների տրամադրում շատ բարեփոխումներ իրականացնող երկրներին: