Պռոշյան համայնքի ղեկավարի  թեկնածու, «Դելիկտ» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական Ցոլակ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ցոլակ Գրիգորյանը: Նրա խոսքով, Պռոշյանում ստեղծվել է լարված և պայթունավտանգ միջավայր. անվստահությունն ու անհանդուրժողականությունը խորը հիմքեր են ձեռք բերել: « Ես կարող էի ստեղծված իրավիճակը շտկել, սակայն այս վիճակի հիմնական մեղավորները չկարողացան իրենց վրա պատասխանատվություն վերցնել եւ ընդունել, որ երկար տարիներ շարունակվող պայքարից տուժել եւ տուժում են համայնքի բնակիչները: Դեռ ավելին` նրանք՝ այդ երկու բեւեռները, շարունակեցին էլ ավելի խորացնել ստեղծված ճգնաժամային իրավիճակը` շեղելով բուն ընտրական գործընթացը, այն տանելով ոչ ընդունելի ուղղությամբ: Սա բերելու է նրան, որ էլ ավելի է խորանալու առկա ճգնաժամը, անվստահությունը էլ ավելի խորը հիմքեր է գցելու: Ժողովուրդը սթափվելուց հետո նրանց չի ներելու»,- ավելացրեց նախկին թեկնածուն: 

Նա կարծիք հայտնեց, որ երկու կողմն էլ բարոյական մահ են ունենալու, եւ սրանից հետո միայն համայնքը կունենա կայուն զարգացում: Գյուղապետի նախկին թեկնածուն հավատացրեց, որ ոչ ոք իրեն չի սպառնացել եւ չէր կարող:  «Ինքնաբացարկի որոշումը կայացրել եմ ինքս, եւ այդ մասին մարդիկ տեղեկացել են միայն այն ժամանակ երբ դիմում եմ ներկայացրել, անգամ հարազատներս այդ մասին տեղյակ չէին: Պռոշյանը ունի բազմաթիվ խնդիրներ սոցիալ հոգեբանական, տնտեսական, եւ այլն, սակայն այս խնդիրները լուծելու փոխարեն մյուս թեկնածուները բոլոր հնարավոր միջոցները գործադրում են որպեսզի համայնքի ղեկը իրենց ձեռքում մնա կամ լինի, չառաջարկելով կոնկրետ խնդիրներ եւ անգամ պատասխանատվություն չեն կրում եւ չեն ուզում կրել այն բանի համար, որ այս երկու բեւեռների կողմից բոլոր անթույլատրելի միջոցները կիրառելով նրանք էլ ավելի են խորացնում առկա խնդիրները, բնակչությունը շատ լավ հասկանում է, որ իրենց անզիջում եւ ոչ թույլատրելի միջոցներով պայքարի հետեւանք է տարիներով ստեղծված լարվածությունը, այս լարվածության հետեւանքով է, որ երկու երիտասարդներ հիմա գտնվում են կալանքի մեջ, զրկված լինելով իրենց ընտանիքների եւ հարազատների հետ շփումից», -ավելացրեց Ցոլակ Գրիգորյանը: Դիտարկմանը, թե կա՞ արդյոք թեկնածու, որ իր ընտրողներին կոչ է անելու ընտրել նրան, Ց. Գրիգորյանն արձագանքեց. «Ես ինքս սկզբունք ունեմ վատի եւ առավել վատի միջեւ ընտրություն չանել, հետեւաբար ինքս չեմ մասնակցելու այս ընտրությանը, քանի որ չեմ տեսնում մեկին, ով կարող է խնդիր լուծել: Քանի դեռ այս բեւեռներից դուրս չի գտնվում համայնքի ղեկավարումը, ոչ մի էական եւ դրական բան ամբողջ համայնքի համար չի լինելու: Կարծես ինքնահաստատման խնդիրներ ունեցողների պայքար է»:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար ինքնառաջադրվել էր 5 թեկնածու` անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, «Դելիկտ» ՍՊԸ-ի անկուսակցական տնօրեն Ցոլակ Գրիգորյանը, Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը,  ՀՅԴ անդամ, Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը եւ ՀՀԿ անդամ, նախորդ ընտրություններին սպանված գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանը: Ավելի ուշ, սակայն, թեկնածուներից Գալուստ Մկրտչյանը ինքնաբացարկ է հայտնել:

Պռոշյանում ընտրությունները կկայանան հուլիսի 14-ին:

Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ  ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:

Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում էր նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը: Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել է: Նրա դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

Արտակ Պետրոսյանը եւս կալանավորվել է, բայց խուլիգանության մեղադրանքով: Դա կապված է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ, այդ ժամանակ նա դեպքի վայրում է եղել: