Նոր մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 5-ի ուշ երեկոյան Արտաշատ-Երեւան ավտոճանապարհին՝ Մասիս գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 5-ին, ժամը 22.38-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհին՝ Մասիս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ  կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TO 238 համարանիշի եւ «ԶԻԼ» մակնիշի 13 0S U17 համարանիշի (վարորդ` 32-ամյա Է. Բյուրեղյան) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2106»-ի ուղեւոր` 61-ամյա Ն. Դադաշյանը տեղում զոհվել է, իսկ վարորդ` 25-ամյա Ա. Նազարյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ն. Դադաշյանի դին եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին.  իրականացվել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: