Ֆրանսիայի իշխանությունները հերքել են այն տեղեկությունը,  ըստ  որի` երկրի հատուկ ծառայությունները ունեն էլեկտրոնային հաղորդակցմանը հետեւող համակարգ, որը համարժեք է ամերիկյան PRISM-ին, եւ որով հետեւում են արտասահմանյան բոլոր հաղորդագրություններին: Վարչապետ Ժան Մարկի մամուլի քարտուղար Էրոն հայտնել է, որ ֆրանսիական Le Monde թերթի հայտնած այդ տեղեկությունը «ճիշտ չէ»:

Հիշեցնենք, թերթը հայտնել էր, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները արտասահմանից եկած մեծ քանակությամբ հեռախոսազանգեր, տեքստեր եւ էլեկտրոնային հաղորդագրություններ են գաղտնալսել եւ ձայնագրել:

Le Monde-ի սկանդալային բացահայտումը. Ֆրանսիացիները լրտեսության սեփական համակարգն ունեն 

Հաղորդագրության մեջ ասվում էր, որ այլ հետախուզական ծառայություններին հասանելի էր այդ տեղեկությունը: Իսկ կառավարությունում վստահեցնում են, որ այն հասանելի կարող էր լինել միայն վարչապետի թույլտվությամբ, որը նախապես պետք է խորհրդակցեր Անվտանգության ազգային կոմիտեի հետ, հայտնում է rbc-ն: 

Ամերիկյան հատուկ ծառայությունների  PRISM գաղտնի ծրագրի մասին լրատվամիջոցներին պատմել էր ԱԱԳ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, որն այժմ գտնվում է Մոսկվայի  «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցման գոտում` սպասելով որեւէ երկրի կողմից ապաստան ստանալուն: ԱՄՆ-ում Սնոուդենին մեղադրում են լրտեսության եւ պետական գաղտնիքի բացահայտման մեջ ու պահանջում են արտահանձնել նրան: