Հայաստանի սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Middle East Airlines» ավիաընկերության կողմից Բեյրութ-Երեւան-Բեյրութ ավիաչվերթի բացման կապակցությամբ Հայաստան ժամանած Լիբանանի պատվիրակությանը: Հիշեցնենք, որ հուլիսի 5–ին բացվել է Բեյրութ–Երեւան ուղիղ ավիաչվերթը:

Նախարարն իր խոսքում նշել է. «Սիրելի հյուրեր այս չվերթի բացումը պատմական քայլ է հայ-լիբանանյան հարաբերություններում: Կարծում եմ, այսօր երկու կողմի համար էլ չափազանց  կարեւոր է տրանսպորտային միջոցների մատչելիությունը: Հաշվի պետք է առնենք, որ տարածաշրջանային խնդիրների պատճառով լիբանանյան «Middle East Airlines»-ի այս որոշումը անհրաժեշտություն էր Լիբանանում եւ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների համար: Նման չվերթի շահագործումը կօգնի նաեւ երկու երկրների տնտեսության, մասնավորապես տուրիզմի զարգացմանը»:

Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սաբունջյանն իր հերթին ասել է, որ շնորհակալ է նախարարին եւ «Middle East Airlines» ընկերությանը՝ այս նախաձեռնությունը կարեւորելու եւ իրականացնելու համար:

Ներկաներին ողջունել է նաեւ «Middle East Airlines» ընկերության նախագահ Մոհամմադ Էլ Հութը, ով մասնավորապես նշել է. «Լիբանանի կառավարությունը մեզ հնարավորություն է ընձեռել 12 ուղղություններով չվերթներ իրականացնել, դրանց թվում է նաեւ Հայաստանը: Պատասխանատվությունը մեծ է եւ մենք պետք է աշխատենք այնպես, որ բոլորը գոհ լինեն: Այս չվերթով մենք կօգնենք այն ուղեւորներին, ովքեր դժվարությամբ էին հասնում Հայաստան: Հենց առաջին չվերթի ժամանակ բոլոր ուղեւորները հայեր էին, որն ինձ համար շատ ուրախալի էր, վայրէջք կատարելիս նրանք երգում էին Հայաստանի հիմնը: Հասկանալի է, որ այս որոշումը շատ ավելին էր, քան ես սպասում էի»: