Հայաստանի եւ Լիբանանի առեւտրա-արդյունաբերական պալատները համագործակցության հուշագիր են ստորագրել: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 6-ին, Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատում (ֆոտոռեպորտաժ):
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն ու Լիբանանի Ֆրայչայզինգ ասոցիացիայի նախագահ Չարլս Արբիդը։ Հուշագիրը նախատեսում է երկկողմ կապերի ամրապնդում, ներդրումների խթանում եւ աջակցություն գործարար շրջանակներին:
«Հայ-լիբանանյան կապերը ավելի քան 2 հազար տարվա պատմություն ունեն եւ միշտ գտնվել են բարձր մակարդակի վրա: Մենք հարգանքով եւ շնորհակալությամբ ենք ընդունում Լիբանանի հայ համայնքի հանդեպ այդ երկրի դրական վերաբերմունքը, որը կարող է առանց խոչընդոտների այնտեղ ստեղծագործ աշխատանքով զբաղվել, իր ներդրումն ունենալ մեր երկու երկրների բարեկամության ամրապնդման գործում»,-հայտարարել է Մարտին Սարգսյանը:
Իր հերթին, Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սապոնջյանը հավելել է, որ երկու կողմերն էլ փոխադարձ ներդրումների համար լավ հնարավորություն ունեն: «Բազմաթիվ լիբանանցի գործարարներ աշխատել ու աշխատում են Հայաստանում, եւ մենք մտադիր ենք ամեն կերպ աջակցել նրանց»,-ասել է նա, որպես համագործակցության հերթական քայլ ներկայացնելով Բեյրութ-Երեւան-Բեյրութ ուղիղ չվերթի գործարկումը, որը տեղի է ունեցել հուլիսի 5-ին:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























